Սիրո և գեղեցկության դիցուհին

Շատ ու շատ դարեր առաջ՝ վաղնջական ժամանակներում, մի գեղեցիկ աղջիկ էր ապրում՝ եղնիկի պես գեղակազմ, նոճու պես սլացիկ։ Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապտաթույր երկնքում աստղեր են առկայծում։ Ու քանի որ անանուն էր, մարդիկ նրան Աստղիկ կոչեցին։ Ուր ոտք էր դնում նա, թուխպերը ցրվում էին, արևը՝ փայլում, և մարդիկ, մոռացած վիշտ ու տխրություն, ժպտում էին միմյանց։ Անսահման բարի էր Աստղիկը. անչափ սիրում էր մարդկանց, նրանց տրտմությունը փարատում, վերքերը ամոքում։ Մի օր կաթնահունց լույսի շողերի տակ՝ ականակիտ առվակի ափին, միայնակ նստած մի պատանու տեսավ՝ թախծոտ ու տամուկ աչքերով։ Հեզասահ մոտեցավ, նստեց նրա կողքին, խանդաղատանքով շողեց տղայի՝ ձյութի պես սևաթույյր գանգուրները և փորձեց իմանալ տրտմության պատճառը։
-Այրվում եմ մեկի սիրուց, բայց նա արհամարհում է ինչ, քամահրանքով ծիծաղում վրաս ու խոցոտում սիրտս,- արցունքն հազիվ զսպելով ասաց տղան, ապա կերկերուն ձայնով ավելացրեց, — ես հասարակ խաշնարած եմ, իսկ նա՝ մեծատան աղջիկ։
Աստղիկը կարեկցանքով նայեց պատանու լուսնկայի՝ արծաթափայլ լույսով ողողված տրտմաշուք դեմքին, առվի եզրից քաղեց մի ծաղիկ, մեկնեց նրան.
-Այս ծաղիկը թող դնեն աղջկա բարձի տակ. նա ինքը կայրվի քո սիրուց։
Տղայի բաղձանքը կատարվեց։
Ասում են դրանից հետո հայոց աշխարհի բոլոր կողմերից սիրավառ աղջիկներն ու պատանիները շտապում են քնքշասիրտ դիցուհու հետ, որն անուշիկ ժպիտով ամոքում էր նրանց խոցված սրտերը՝ սեր ու երջանկություն պարգևելով ամենքին։
Ու մարդիկ սկսում են երկրպագել չքնագեղ կույսին՝ սիրո և գեղեցկության դիցուհուն։

Запись опубликована в рубрике Հայոց լեզու, Մայրենի. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий